Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում

20:27   20 Փետրվար 2018    340

Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ:

Եթե Վաշինգտոնի կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման սահմանափակումները տարածվեն նաեւ եվրոպական ձեռնարկությունների վրա, ապա ԵՄ-ն կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից ներկրվող կարեւոր արտադրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները:

Ընդ որում, պատժամիջոցային մաքսատուրքերը կարող են կիրառվել նաեւ ամերիկյան արտադրանքի լայն տեսականու համար՝ նարնջի հյութից մինչեւ մոտոցիկլետ եւ վիսկի:

Պաբերականի զրուցակիցների խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի ցանկի առաջին տեղերում են Միացյալ Նահանգներից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում նաեւ՝ կարտոֆիլը եւ լոլիկը: Միեւնույն ժամանակ, եվրոպացիները ցանկանում են ուժեղացնել հակազդեցության միջոցների զգայունությունը նրանով, որ հարվածը նախատեսվում է հասցնել այն ապրանքներին, որոնք մեծ նշանակություն ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ կողմնակիցների ընտրատեղամասերի համար:

Խոսքը, մասնավորապես, մոտոցիկլետների մասին է, քանի որ Harley Davidson-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիսկոնսինում, որտեղից առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Եվրոպական հանձնաժողովի ցուցակում ներառվել է նաեւ Bourbon վիսկին, որը հիմնականում արտադրվում է Թենեսի եւ Քենթուկի նահանգներում՝ Սենատում հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ, Թրափմի գաղափարակից Միթչ Մաքքոնելիի հայրենիքում:

Ինչպես նշում է FAZ-ը, Եվրահանձնաժողովը որպես հիմք է վերցրել ԱՄՆ-ի հետ դեռ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին ծագած վերջին խոշոր առեւտրային կոնֆլիկտի ժամանակ կազմված ցուցակը, սակայն արդիականացրել է այն:

Այն փաստը, որ Եվրամիությունը ի պատասխան պողպատի եւ ալյումինի վրա սահմանվելիք հնարավոր տույժային մաքսատուրքերին կարձագանքի տնտեսության բոլորովին այլ հատվածներից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերով, չի հակասի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին:

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսն «ԱՄՆ ազգային անվտանգության» պաշտպանության նպատակով առաջարկել էր լայնածավալ պաշտպանական մաքսատուրքեր սահմանել 14 երկրներից ալյումինի եւ պողպատի ներկրման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները