Թրամփն առաջարկել է զինել դպրոցի ուսուցիչներին

10:30   22 Փետրվար 2018    416

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զինել դպրոցների ուսուցիչներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել օրեր առաջ Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի հարձակման պես ողբերգությունները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Hill»-ին, 71-ամյա ղեկավարն այս մասին ասել է Սպիտակ տանը տուժած դպրոցի աշակերտների ու ծնողների հետ հանդիպման ընթացքում:

«Եթե դուք ունենայիք այնպիսի ուսուցիչ, որը զենք կունենար, ապա նա կկարողանար արագ վերջ դնել հարձակմանը: Մենք պատրաստվում ենք այս հարցը լրջորեն ուսումնասիրել, թեև համոզված ենք, որ կգտնվեն բազմաթիվ ընդդիմախոսներ»,-ասել է Թրամփը:

Նախագահն ընդգծել է, որ եթե ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը ևս սպանվել է հարձակման հետևանքով, զինված լիներ, նա կփրկեր բազմաթիվ կյանքեր:

«Նա ստիպված չէր լինի փախչել, նա կկրակեր ու դրանով վերջ կդներ հարձակմանը»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր դպրոց՝ սպանելով 17 մարդու: Հետագայում պարզվել է, որ նա սպիտակամորթ ռասիստների գաղափարախոսության հետևորդ է: Աուտիզմով տառապող երիտասարդը ծնողազուրկ է ու անկարգապահության պատճառով հեռացվել էր այդ դպրոցից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները