Մադուրոն ցանկանում է «մեգաընտրություններ» անցկացնել

12:38   22 Փետրվար 2018    378

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է ընթացիկ տարվա ապրիլին «մեգաընտրություններ» անցկացնել՝ չնայած, որ ընդդիմությունը հայտարարել է, որ կբոյկոտի դրանք:

Ինչպես նշում է BBC-ն, Մադուրոն մտադիր է նախագահականից զատ անցկացնել նաև Ազգային ասամբլեայի, նահանգային օրենսդիր ժողովների ու քաղաքապետերի ընտրություններ:

Գործող ղեկավարի կարծիքով՝ «մեգաընտրությունները» կնպաստեն երկրում ժողովրդավարության «թարմացմանը»:

Մինչդեռ ընդդիմությունը հակադարձել է Մադուրոյին՝ նկատելով, որ նման ընտրությունների անցկացումը հակաօրինական է ու խարդախ:

Սակայն Մադուրոն պատասխանել է, որ ընտրություններն անցկացվելու են թե՛ ընդդիմության հետ, թե՛ առանց դրա: Նախագահն ասել է, որ ցանկանում է սպասվող բոլոր ընտրությունները համատեղել, որպեսզի հետագա 4 տարին «հանգիստ անցնի»:

Աղբյուրը հավելում է, որ ըստ Սահմանադրության՝ երկրում նախագահական ընտրությունները պետք է կայանային դեկտեմբերին, սակայն իշխանությունները հօգուտ իրենց առաջ են բերել ժամկետը:

Բացի այդ, Մադուրոյի գլխավոր 2 մրցակիցներին արգելվել է մասնակցել ընտրություններին: Մյուս հավանական թեկնածուները ձերբակալությունից խուսափելու համար մեկնել են երկրից:

Հիշեցնենք, որ Վենեսուելան տևական ժամանակ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները