Իրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքից, եթե երկրի վրա ճնշումը շարունակվի

16:55   22 Փետրվար 2018    541

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին նախազգուշացրել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, եթե արեւմտյան պետությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է փետրվարի 22-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: «Ես չեմ կարծում, որ գործարքը կկարողանա գոյատեւել նման պայմաններում:

Եթե այդ անկանոն քաղաքականությունը շարունակվի, եթե ընկերություններն Իրանի հետ չաշխատեն, մենք չենք կարողանա կատարել այդ գործարքը, որովհետեւ այն մեզ համար շահավետ չի լինի»,-ասել է Արագչին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները