Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ սկսվում է հանրահավաքների շարք. VIDEO

12:14   11 Մարտ 2018    1104

Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության կասեցում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն, ահա սա է Հանուն Հայաստան պետության ճակատի նշանաբանը և նպատակների շարքը:

Քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված ընդդիմադիր շարժումն այս նպատակի իրագործումը պատկերացնում է համաժողովրդական համախմբմամբ և Հայաստանի ներկայիս վարչախմբի հեռացմամբ:

Այսօր ընդդիմադիր շարժումն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել, որն առաջինն է նորաստեղծ ճակատի համար: Հայաստանում քաղաքական հալածանքներն ընդդիմադիրների դեմ շարունակվում են և բանտերը լցվել են քաղբանտարկյալներով: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության վերջնական փլուզման ու ինքնիշխանության կորուստի ծրագիր, որի կատարումը պետք է արգելափակել: 2014 թվականից սկսած Սերժ Սարգսյանը սկսել է իշխանությունը պահելու գործընթաց՝ Սահմանադրական փոփոխությունների քողի տակ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն անթույլատրելի է համարում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության երկարաձգումը և Հանուն Հայաստան պետության ճակատի թիվ 1 խնդիրը դա է համարում. «Ապրիլի 9-ին սկսվում և 17-ին ավարտվում է խորհրդարանական համակարգի անցնելու փուլը: Մենք պարտավոր ենք կանխել այդ գործընթացը, հակառակ դեպքում մենք տասնամյակներ շարունակ կունենանք նույն թալանն ու արտագաղը, ինչ-որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համատեղ կառավարման անցած տարիներին է եղել»: Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը թույլ չտալու միակ ճանապարհը Ազատության հրապարակը լեփ-լեցուն պահելն է.

«Ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ, նաև՝ Հայաստանի խոշոր քաղաքներում, և պարտադրի կառավարության իր կազմը»: Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը դեռ 2015-ին գծագրել էր ժամանակավոր կառավարության անելիքները՝ պետք է համաներում հայտարարվի, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները և բեռնաթափվեն բանտերը: Պետությունից թալանված միջոցները պետք է ներդրվեն բանակի վերազինման և պետության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ Հայաստանի առաջ ծառացած լրջագույն խնդիրը սոցիալական վատթար վիճակն է, ուստի ժամանակավոր կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի ապրանքների գներն իջեցնելուն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անմխիթար է համարում նաև Հայաստանի ներքին իրավիճակը, երբ մարդու իրավունքները ոտնահարվում են և իշխանության քաղաքական ընդդիմախոսները հայտնվել են բանտերում: Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Շանթ Հարությունյանն ու ընկերները հանիրավի հետապնդվում են իրենց հայացքների համար, ընդ որում, քրեորեն հետապնդելի որևէ գործողություն չեն կատարել.

«Կան մարդիկ, որոնք հանցագործ են, բայց գտնվում են ազատության մեջ: Նրանք պետք է տեղերով փոխվեն քաղբանտարկյալների հետ»: Իրավապաշտպանն անհնարին է համարում Եվրամիության առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարումը, եթե ունենք քաղբանտարկյալներ: Սաքունցը հիշեցնում է՝ Հայաստանի իշխանության ապօրինի գործողությունները հիմնված են առկա կոռուպցիոն համակարգի վրա: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի Հայաստանի քաղհասարակության պայքարի հիմնական ուղղություններից մեկը.

«Կոռուպցիայից են իշխանությունները սնվում՝ մենաշնորհելով բոլոր հանրային ռեսուրսները, դրա համար էլ հասարակական-քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենում այլընտրանքային եկամուտների և աջակցության: Այդպիսով՝ իշխանությունը երկարաձգում է իր գոյատևումը»:

Ժառագնության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում շարունակի իշխանավարումը, մի քանի տասնյակ հազար հայաստանցի կբռնի արտագաղթի ճանապարհը.

«Ցավն այն է, որ Հայաստանից այլևս որակն է արտագաղում, լավ մասնագետներ, բիզնեսմեններ, գյուղացիներ, որոնք ստեղծել են տնտեսություն, ուստի պայքարելու մեր ցանկությունը մնում է և մենք պետք է թույլ չտանք Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը»: Ընդդիմադիր գործիչը դիմեց ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուերին՝ կոչ անելով գալ Ազատության հրապարակ և միանալ Հանուն Հայաստան պետության ճակատին:

Ի դեպ, մարտի 16-ին լրանում է Հաց բերող Արթուր Սարգսյանի մեկ տարին: Հանուն Հայաստան պետության ճակատն Ազատության հրապարակում իր հաջորդ հանրահավաքն անցկացնելու է այդ օրը: Հարգանքի տուրք կմատուցվի Սասնա ծռեր խմբին հաց տարած Արթուրի հիշատակին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սերժ-Սարգսյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները