Չինաստանն իր աջակցությունն է հայտնում ԱՄՆ-ի եւ Հս. Կորեայի միջեւ շփումների գործընթացին

20:15   12 Մարտ 2018    858

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Սինհուա"-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի հետ:

Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանն անփոփոխ կերպով սատարում է միջկորեական հարաբերությունների բարելավմանը եւ հաշտեցման ու համագործակցության խթանմանը: Չինաստանը նաեւ աջակցում է Միացյալ Նահանգներին եւ ԿԺԴՀ-ին՝ շփումների եւ երկխոսության զարգացման գործում, որոնք ուղղված են խորհրդակցությունների միջոցով միմյանց մտահոգություններին առնչվող հարցերի լուծմանը:

Սի Ցզինպինը նշել է, որ ապամիջուկայնացումը Կորեական թերակղզում, ինչպես նաև պատերազմի ու քաոսի կանխարգելումը չինական կողմի հետեւողական դիրքորոշումն է: Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության, մասնավորապես՝ Սեուլի հետ, Կորեական թերակղզու հարցերի քաղաքական կարգավորման գործընթացի առաջխաղացման համար: Սի Ցզինպինը բոլոր կողմերին կոչ է արել համբերություն եւ ուշադրություն դրսեւորել եւ օգտագործել քաղաքական իմաստությունը՝ տարբեր հարցերին պատշաճ կերպով արձագանքելու եւ Կորեական թերակղզում բանակցությունները վերականգնելու հարցում խոչընդոտների վերացման համար:

Չոն Իյ Յենն իր հերթին նշել է, որ ներկայումս դրական տեղաշարժեր կան թերակղզում, իսկ Չինաստանը դրանում առաջատար դեր է խաղում: Նրա խոսքով՝ Չինաստանը մշտապես առաջնորդվում է թերակղզու ապամիջուկայնացման նպատակով եւ կողմնակից է առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Սեուլն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Պեկինին եւ հույս հայտնել, որ Չինաստանը կշարունակի կարեւոր դեր խաղալ: Հարավային Կորեան մտադիր է սերտ խորհրդակցություններ անցկացնել Չինաստանի հետ՝ թերակղզում իրավիճակի մեղմացման առկա միտումները պահպանելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները