Մասսայական և ակտիվ բռնություն՝ ազատ մամուլի նկատմամբ

09:32   13 Մարտ 2018    1253

Հայաստանում քաղաքական ընդդիմության հոշոտումից հետո իշխանությունն անցել է ազատ լրատվամիջոցներին լռեցնելու և ազատ խոսքի նշույլները վերացնելու գործին։

Ապրիլին Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետացմանն ընդառաջ Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գործադիր իշխանության նիստերը դռնփակ անցկացնել։ Լրագրողական համայնքի նկատմամբ երկրորդ հարձակումը Երևանի քաղաքապետարանի կողմից է։

Երեւանի իշխանությունները նախատեսում են հետայսու ավագանու նիստերը կառավարության օրինակով անցկացնել դռնփակ։ Նպատակն ավելի քան պարզ է՝ լրատվամիջոցներից թաքցնել նիստում տեղի ունեցողը և արդեն գաղտնիության պայմաններում ծեծի ենթարկել ընդդիմադիրներին։

Անցյալ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը բողոք-նամակներ է ուղարկել «Ա1+» հեռուստաընկերություն և «Ազատություն» ռադիոկայան՝ ակնկալելով, որ լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկեն փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում նկարահանումներ կատարած լրագրողներին ու օպերատորներին: Քաղաքապետարանի ներկայացուցիչն անթույլատրելի էր համարել, որ այդ օրը լրատվամիջոցներն «առանց թույլտվության» նկարահանել են քաղաքապետարանի վարորդների սենյակն ու նրանց թղթախաղի պարագաները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի ԶԼՄ-ներին սպառնալից նամակներ ուղարկելու և սպասվող սահմանափակումների նկատմամբ․

«Այս ռեգրեսիվ քաղաքականությամբ վտանգվում է հասարակության տեղեկացվածության իրավունքը։ Լրագրողները որևէ օրենք չեն խախտել քաղաքապետարանում, հրավիրված են եղել ավագանու անդամի կողմից և իրենց պրոֆեսիոնալ պարտականություններն են կատարել։ Վարորդների սենյակի դուռն էլ Զարուհի Փոստանջյանն է բացել։ Լրագրողների հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են»,- նշում է պարոն Մելիքյանը։

Հայ իշխանությունը լրատվամիջոցներին օդից զրկելու քաղաքականությունը խստացրեց դեռ 2015-ի դեկտեմբերից։ Գնումների մասին օրենքով կատարված փոփոխությամբ պետության առաջին 3 դեմքերի կարիքների համար կատարված պետական գնումները դասվեցին պետական գաղտնիքի շարքում։ Այսպես մեծացավ կոռուպցիոն գործարքները ԶԼՄ-ների աչքից հեռու պահելու հնարավորությունը։

«Եթե խոսում ենք իշխանության հաշվետվողականության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դժվար է այդ քաղաքականությունն ապահովել առանց պետության 3 դեմքերին ԶԼՄ տեսադաշտում պահելու և թափանցիկության ապահովման»։ Մեկ այլ օրենքով՝ 50-ից քիչ աշխատող ունեցող պետական հիմնարկներին թույլատրվում է ԶԼՄ-ներին չտրամադրել հարցվող տեղեկատվությունը։

Փաստորեն, իշխանությունը հետադիմական գործելաոճ է ընտրել՝ սահմանափակող օրենքներն ընդունել առանց լսելու կամ հաշվի առնելու լրատվամիջոցների տեսակետը։ Հայկական Ժամանակ օրաթերթի խմբագիր Աննա Հակոբյանը վստահ է՝ տեղի ունեցողը մասսայական և ակտիվ բռնություն է ազատ մամուլի նկատմամբ․

«Տարիներ առաջ դատարանի միջոցով, կամ ֆիզիկական բռնությամբ էին հետապնդում ազատ լրատվամիջոցներին, հիմա մեթոդները փոխվել են։ Բիրտ ուժին եկել է փոխարինելու փափուկ և ոչ ժողովրդավար ճանապարհը, որը ավելի վտանգավոր է։ Որովհետև եթե առաջ որևէ մեկը ծեծվում էր, դա մեծ աղմուկ և ընդվզում էր առաջացնում, էս ճանապարհով նույնիսկ շատ ԶԼՄ-ներ շնորհակալ են սահմանափակումների համար»։ Լրատվության առաջ պատնեշներ դնելն ամենից վատ բանն է, որ կարող է տեղի ունենալ տվյալ երկրի հետ։

Սահմանափակումներն ամեն տեղ են, ասում է Հայկական ժամանակի խմբագիրը, օրինակ բերելով Պաշտպանության նախարարության որոշումը՝ չհայտնել զինծառայողների վիրավորվելու մասին․ «Ասենք՝ քաղաքապետարանի որոշման դեմ պայքարենք, բունտ անենք, բա էն մնացածի՞ դեմ ոնց անենք։ Դա լուրջ և ծավալուն քաղաքականություն է, որ իրականացվում է»։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակման գործում մեծ դեր ունի վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանի անձը․ «Որպես նախագահ նա բաց ասուլիսներով հանդես չի եկել, հրավիրել է իր նախընտրած ԶԼՄ-ներին, հարցերի պատասխանել, ինչը հետո ներկայացվել է որպես ասուլիս։ Այստեղից հետևություն՝ փակ աշխատող նախագահը որոշել է փակ աշխատել նաև որպես վարչապետ»։

Ստեղծված իրավիճակումը, ըստ բանախոսների, կարող է հաղթահարվել միայն մեդիա դաշտի ներկայացուցիչների ակտիվ և համակարգված պայքարի արդյունքում։ Հակառակ դեպքում առաջիկայում լրատվամիջոցները կկանգնեն է՛լ ավելի ծանր խստացումների առաջ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները