Թրամփը Նոյերթին նշանակել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար

11:00   14 Մարտ 2018    900

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

Մինչ այդ հայտնի է դարձել, որ ամերիկյան վարչակազմը պաշտոնաթող է արել մարտի 13-ին ավելի վաղ պաշտոնանկ արված ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Սթիվ Գոլդսթինին: Ինչպես հայտարարել են Associated Press-ի աղբյուրները, վարչակազմում Գոլդսթինի ազատման մասին որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նա Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու հարցում Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեղեկատվություն է հրապարակել:

Հիզեր Նոյերթը ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 24-ին: Նախքան Պետդեպարտամենտում իր նշանակումը նա աշխատում էր Նյու Յորքում Fox News հեռուստաալիքում: Ավելի վաղ Թիլերսոնը լրագրողներին հայտնել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը, քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն այդ պաշտոնում չի հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Նա նաեւ նշել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը պաշտոնապես կավարտվի «մարտի 31-ի կեսգիշերին»:

Այդ ընթացքում նա «լուծելու է իր պաշտոնաթողության հետ վարչական հարցերը», ինչպես նաեւ «ապահովելու է գործերի սահուն ու կազմակերպված հանձնումը» Պոմպեոյին: CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի երկու պաշտոնատարների, հայտնել է, որ Թիլերսոնի պաշտոնանկությունից անմիջապես հետո հրաժարական են տվել նրա աշխատակազմի ղեկավար Մարգարետ Պետեռլինը եւ նրա տեղակալ Քրիստին Չիկոնեն, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հիզեր-Նոյերթ  


Վերնագիրի այլ պիտակները