Թիլերսոնի պաշտոնանկությունը մտահոգություններ է առաջացրել. The Guardian

11:16   14 Մարտ 2018    799

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնանկությունը վաղուց էր կանխատեսվում, բայց դրա համար ընտրված ժամանակը կասկածելի է, իսկ նրա փոխարինումը ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյով խորապես անհանգստացնող ընտրություն է, գրում է բրիտանական The Guardian-ը:

Թիլերսոնին զարմանալի կերպով պաշտոնանկ անելը ցույց է տալիս ԱՄՆ վարչակազմում տիրող քաոսն ու կոնֆլիկտները, գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով ռեկորդային քանակությամբ հրաժարականներն ու հեռացումները:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, որը նույնպես հեռացվել է, հայտարարել է, որ Թիլերսոնին պաշտոնից ազատվելու մասին հայտնի է դարձել Twitter-ից՝ չնայած Սպիտակ տան պնդումներին, որ նա նախազգուշացվել էր այդ մասին դեռ ուրբաթ օրը: Նորությունը հայտնի դարձավ ժամեր անց՝ այն բանից հետո, երբ նա «աղաղակող» անվանեց Անգլիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը, որը, նրա խոսքով, «ակնհայտորեն» կատարվել է Ռուսաստանի կողմից:

Թրամփի վարչակազմի պնդումները, թե փոփոխությունը կօգնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններին, ուշադրությունը շեղելու ծիծաղելի փորձ է, գրում է The Guardian-ը: Փոփոխությունը, ընդհակառակը, հարվածում է դիվանագիտական կարողություններին, երբ դա այդքան անհրաժեշտ է նման բարդ բանակցությունների համար: Փոփոխությունը նաև մեծացնում է անհանգստությունն Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում Թրամփի գործողությունների առնչությամբ:

The Guardian-ը նշում է, որ Թիլերսոնի հեռացումից բացի, կա նաև մեկ այլ վատ լուր. նախագահը պատրաստվում է ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Պոմպեոյի փոխարեն նշանակել Ջինա Հասփելին, որը հայտնի է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո խոշտանգումների կիրառմանն ունեցած իր առանցքային դերակատարմամբ:

Լրատվամիջոցը մեկ այլ հոդվածում նշում է, որ Թիլերսոնի հեռանալը կտրուկ ու անսպասելի էր անգամ ներկայիս Սպիտակ տան չափանիշներով:

The Guardian-ն, անդրադառնալով այլ երկրների արձագանքներին, նշում է նաև, որ Թիլերսոնի հեռացումը դիտարկվել է որպես Դոնալդ Թրամփի՝ «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականության կարծրացում, լուրջ հարված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին և Եվրամիության հետ առևտրային պատերազմի հնարավոր նախագուշակ: Թիլերսոնի հեռացման մասին խոսելիս Թրամփը նշել է Իրանի հարցում իրենց տարաձայնությունները. Թիլերսոնը, հակառակ Թրամփի, հետևողականորեն պնդել է, որ ԱՄՆ-ն պետք է համահունչ գործի իր եվրոպական դաշնակիցների հետ և պաշտպանի համաձայնագիրը:

Գերմանիայում քաղաքական գործիչները մտավախություն են հայտնել, որ Թիլերսոնի հեռանալը ցույց է տալիս, որ Թրամփը մտադիր է առևտրային պատերազմ սկսել Եվրամիության հետ՝ քայլ, որին դեմ էր նախկին գործարար Թիլերսոնը: Մինչդեռ բրիտանացի քաղաքական գործիչներն անուղղակի կերպով կապ են տեսնում Մոսկվայի հետ դիվանագիտական պատերազմում Մեծ Բրիտանիային Թիլերսոնի հայտնած աջակցության և նրան հեռացնելու մասին Թրամփի որոշման միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները