ԿՀՎ նոր տնօրենը չի կարողանա առանց կալանավորման վտանգի ԵՄ երկրներ այցելել. Սնոուդեն

13:47   14 Մարտ 2018    721

ԿՀՎ նոր տնօրեն Ջինա Հասպելը չի կարողանա առանց կալանավորման վտանգի ԵՄ երկրներ այցելել: Այս մասին հայտնում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ջինա Հասպելը, որը «խոշտանգել է որոշ մարդկանց», հավանաբար չի կարողանա ԵՄ այցելել հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ հանդիպելու համար առանց կալանավորման վտանգի՝ շնորհիվ Բեռլինի ECCHR-ի կողմից (Սահմանադրական իրավունքների եւ մարդու իրավունքների եվրոպական կենտրոն) Գերմանիայի դատախազություն ներկայացված բողոքի», - Twitter-ում գրել է Սնոուդենը:

Մեկ այլ հրապարակման մեջ Սնոուդենը, վկայակոչելով Հասպելի մասին The New York Times-ի հոդվածը, նշում է, որ ԿՀՎ նոր ղեկավարի անունը «նշված է գերգաղտնի հրամանում, որի համաձայն (խոշտանգումների) բոլոր տեսագրությունները պետք է ոչնչացվեն, որպեսզի չհայտնվեն Կոնգրեսում»:

Ըստ թերթի` Ջինա Հասպելը 2002 թվականին ականատես է եղել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբի հետ առնչության մեջ կասկածվող երկու բանտարկյալների խոշտանգումներին, իսկ ավելի ուշ մասնակցել է տեսագրությունների ոչնչացմանը:

2017 թվականի հունիսին Սահմանադրական իրավունքների եւ մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը Գերմանիայի գլխավոր դատախազին կոչ էր արել հրամանագիր տրամադրել ահաբեկչության կասկածյալների խոշտանգումների գործով Ջինա Հասպելին կալանավորելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սնոուդեն  


Վերնագիրի այլ պիտակները