Տուսկը Թրամփին կոչ է արել առեւտուր անել, այլ ոչ թե պատերազմել

20:33   14 Մարտ 2018    586

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չխզել կողմերի վաղեմի տրանսատլանտյան կապերը ` մաքսային սակագների ներդրման միջոցով տնտեսական հաջողությունների ցանկանալով հասնել:

Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմ հրահրելու փոխարեն, պետք է ձգտել ավելի սերտ համագործակցության:

Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը Եվրոպական խորհրդարանին տեղեկացրել է, որ թեեւ Եվրամիությունը կփորձի ԱՄՆ սահմանած պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագներից խուսափելու միջոց գտնել, այն նույնպես հակամիջոցներ կպատրաստի, որոնց թիրախը կլինեն ամերիկյան ապրանքները:

Տուսկի կարծիքով, դեռ ժամանակ կա այդ քայլերից հրաժարվելու համար եւ խնդրել Թրամփին կատարել «իսկական ընկերներին» սակագներից ազատելու իր խոստումը: Խոսելով երկու համաշխարհային պատերազմների եւ սառը պատերազմի մասին, Տուսկն ասել է. «Ես այսօր ուզում եմ ընդգծել, որ ազատ աշխարհն ամենածանր տասնամյակներն է վերապրել միայն այն պատճառով, որ եվրոպացիներն ու ամերիկացիները իսկական ընկերներ էին»:

«Եկեք փայփայենք այդ բարեկամությունը, այլ ոչ թե մարտահրավեր նետենք»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմի սպառնալիքի փոխարեն, Թրամփը պետք է վերսկսի ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին անդրատլանտյան բանակցությունները, որոնք սկսվել են նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ, բայց այդպես էլ չեն ավարտվել: «Մենք հիմա պետք է վերադառնանք այդ բանակցություններին: Պետք է առեւտուր անել, այլ ոչ թե պատերազմել, պարոն նախագահ », - ասել է Տուսկը՝ դիմելով Թրամփին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տուսկ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները