Վրաստանի քաղաքացիներին սպառնացել են չեղարկել վիզայի ռեժիմը

14:46   16 Մարտ 2018    311

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Իմեդի»-ին, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցման մասին՝ ապաստանի համար դիմողների աճի միտման շարունակման դեպքում:

Եվրամիության անդամ երկրները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստանի հարցով դիմողների թվի աճի առնչությամբ: Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իսլանդիան:

«Աճել է Վրաստանի քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են ուզում ստանալ Ֆրանսիայում: Նրանք նաև հաճախ են խախտում Ֆրանսիայում գտնվելու ժամկետները: Ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր երկու տարի ժամկետով անօրինական կեցություն են նրանց առաջարկում Ֆրանսիայում և Գերմանիայում և դրանից հետո ապաստանի տրամադրում:

Նման բան չի լինի, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,- ասել է Մենյեն:

Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նման գործողությունները կարող են հետևանքներ ունենալ ամբողջ Վրաստանի համար:

«Չի բացառվում, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ և գործարկվի առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմը»,- նշել է Մենյեն:

Հունվարին ԵՄ երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի 13 քաղաքացու, իսկ մոտ 1.300 մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալներով՝ ուսումնասիրվում է Վրաստանի ավելի քան 5.400 քաղաքացու դիմում:

Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները