Մայամիում 4 մարդ է զոհվել կամուրջի փլուզման հետեւանքով

18:54   16 Մարտ 2018    356

Հինգշաբթի Մայամիում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) կամուրջի փլուզման հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4 մարդ, եւս 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

Այս մասին հայտնել է հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Դեյվ Դաունին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր աշխատանքը կշարունակենք այնքան, մինչեւ համոզվենք, որ փլատակների տակ այլեւս ողջ մնացածներ չկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Դաունին:

Փլուզման վայրում աշխատում են շներով փրկարարները, որոնք վարժեցված են փլատակների տակ մարդկանց որոնելու համար:

Ավելի վաղ Local10 հեռուստաալիքը, վկայակոչելով հրշեջ-փրկարարական ծառայությանը, հայտնել էր 6 զոհի մասին, իսկ Ֆլորիդայից սենատոր Բիլ Նելսոնը չի բացառել, որ զոհերի թիվը կարող է կազմել մինչեւ 10 մարդ:

Local10-ի տեղեկություններով՝ կամուրջը վերջնականապես կառուցված չէր: 950 տոննա քաշով հատվածը հենասյուների վրա էր դրվել վերջերս՝ մարտի 10-ին: 14 մլն դոլար արժեք ունեցող կամուրջը նախատեսված էր Ֆլորիդայի Միջազգային համալսարանի ուսանողների կյանքը թեթեւացնելու համար՝ այն միացնելով ուսանողական թաղամասին: Հիմա նրանք ստիպված են բուհ հասնել հատուկ ավտոբուսներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մայամի  


Վերնագիրի այլ պիտակները