Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են Ցուկերբերգից ցուցմունք տալ Սենատում

12:20   19 Մարտ 2018    359

Միացյալ Նահանգներում դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները պահանջել են, որ աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի շուրջ ծագած նոր սկանդալի ֆոնին դրա համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հարցաքննվի Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի կողմից:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ տվյալների հավաքմամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությունը ստացել է ֆեյսբուքյան ավելի քան 50 մլն օգտատիրոջ անձնական տեղեկությունները, որոնք օգտագործվել են հօգուտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի:

Տեղեկության տարածումից հետո օրենսդիրները քննադատել են Ցուկերբերգին՝ հայտարարելով, որ հարցը պետք է լրջորեն հետաքննվի: Facebook-ը մեղադրվել է առանց օգտատերերի համաձայնության նրանց անձնական տվյալները փոխանցելու համար:

Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Մաուրա Հեյլին հայտարարել է, որ քաղաքացիներն արժանի են ճշմարտությունն իմանալուն, ուստի՝ դատախազությունը հետաքննություն կսկսի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի շտաբի հետ համագործակցած Cambridge Analytica բրիտանական ընկերությունն ընտրությունների անցկացման տարում՝ 2016թ.-ին, հանդիպել է ռուս գործարարների հետ, ինչը ևս կասկածելի է ներկայում ակտիվ հետաքննվող ռուսական միջամտության հարցի համատեքստում:

Cambridge Analytica-ի նախկին աշխատակիցներից մեկը՝ Քրիս Ուայլը, պատմել է, որ ընկերությունն ավելի քան 50 մլն ֆեյսբուքյան օգտատիրոջ անձնական տվյալներն օգտագործել է նրանց հոգեբանական բնութագիրը կազմելու ու հավանական քվեարկողներին համապատասխան գովազդներով ու պատմություններով թիրախավորելու համար:

Ուայլը մանրամասնել է, որ ընկերությանը հաջողվել է տվյալների ահռելի բազա հավաքել ընդամենը մի քանի ամսում: Ֆեյսբուքյան տվյալների կլանման ամբողջ գործընթացն իրականացվել է հատուկ մասնագետի կողմից ստեղծված հավելվածի միջոցով: Ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկվել է մասնակցել սոցհարցման, որի իրական նպատակի մասին նրանք պատկերացում չեն ունեցել:

Իր խոսքում Ուայլը Facebook-ին մեղադրել է այս գործընթացին աջակցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները