Լեհաստանը ցանկանում է արտաքսել ռուս դիվանագետներին. Gazeta Prawna

14:58   19 Մարտ 2018    491

Լեհաստանի իշխանությունները քննարկում են ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը:

Այդ մասին Gazeta Prawna-ին հայտնել են կառավարությունում աղբյուրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ Վարշավայում նույնպես ցանկանում են պատժամիջոցներ կիրառել ռուսական ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ: Նշվում է, որ այդ հարցի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ անցած շաբաթ, բայց որոշումը հետաձգվել է մինչև Ռուսաստանում նախագահի ընտրությունների արդյունքները:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ Լեհաստանի կառավարությունը լավագույն որոշում է համարում Ռուսաստանի դեմ Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունները:

Բայց եթե եվրոպական իշխանություններին չհաջողվի գալ միասնական որոշման, Վարշավան կսահմանի սեփական սահմանափակող միջոցները:

Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Կոնրադ Շիմանսկին ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան կփորձի համոզել Բեռլինին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից՝ «Սկրիպալի գործի» ֆոնին:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները