Կիմ Չեն Ընը Թրամփի հետ բանակցություններից առաջ «արժեքավոր» խոստում է տվել

19:59   19 Մարտ 2018    189

Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կան Գեն-հվան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոսք է տվել հավատարիմ մնալ ապամիջուկայնացման գործընթացին, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսին կայանալիք կարևոր հանդիպման գլխավոր նախապայմանն է:

Ինչպես հայտնում է The Guardian–ը, Թրամփը համաձայնել էր Կիմ Չեն Ընի հետ պատմական բանակցություններին, քանի որ հարավկորեական կողմից տեղեկացել էր, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է ազատվել միջուկային զինանոցից, ինչպես նաև դադարեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները:

Արտգործնախարարն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ պաշտոնական Սեուլը դիմել է Փհենյանին՝ խնդրելով հստակ ձևակերպել ապամիջուկայնացման գործընթացը սկսելու պատրաստակամությունը, ինչին ի պատասխան Կիմ Չեն Ընը հայտնել է, որ «պատրաստ է»:

Կան Գեն-հվան ընդգծել է, որ հյուսիսկորեացի առաջնորդը «խոսք է տվել», և սա առաջին դեպքն է, երբ խոստումն անձնապես նրա կողմից է տրվել:

Աղբյուրը հավելում է, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը մարտի 18-ին ժամանել է Ֆինլանդիա, որպեսզի Թրամփի և Կիմ Չեն Ընի կայանալիք հանդիպման հարցով բանակցի ամերիկացի և հարավկորեացի պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը բացահայտել էր, որ 2011թ. կյանքից հեռացած հոր՝ Կիմ Չեն Իրի վերջին ցանկությունը միջուկային զենքից հրաժարումն ու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումն է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները