Դոնալդ Թրամփի Աստվածաշունչը դարձել է թանգարանային ցուցանմուշ

12:20   20 Մարտ 2018    253

Աստվածաշունչների թանգարանը ձեռք է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանած Աստվածաշունչը եւ ներառել «Աշխարհի Աստվածաշունչները» ցուցադրության մեջ։

Fox News հեռուստաընկերության տվյալներով, սա այն Աստվածաշունչն է, որի վրա 2017 թվականի հունվարի 20-ին երդում է տվել Դոնալդ Թրամփը՝ որպես ԱՄՆ 45–րդ նախագահ։ Սպիտակ տան արեւմտյան հատվածում երդմնակալության արարողության ժամանակ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը իր ձեռքում պահել էր Աստվածաշունչը, որի վրա երդվել էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1809-1865), իսկ այդ Աստվածաշնչի վերեւում դրված էր այն Աստվածաշունչը, որը պատկանում էր Թրամփին, գրում է ՏԱՍՍ–ը։

Fox News–ի տվյալներով, այն Թրամփին է նվիրել մայրը՝ Մերի Էնը, երբ նա հաճախում էր Նյու Յորքի Քուինս շրջանի Առաջին պրեսբիտերանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը։ 1955 թվականին, երբ նա դպրոցն ավարտել է, նրա պաստորն ու ուսուցիչները ստորագրել են գրքի էջերից մեկում:

Թրամփի Աստվածաշունչը կպահպանվի Հարի Տրումանի, Դուայթ Էյզենհաուերի, Ջորջ Բուշ ավագի եւ Ջորջ Բուշ կրտսերի գրքերի կողքին։

Աստվածաշունչների թանգարանը բացվել էր անցած տարի նոյեմբերին Վաշինգթոնում։ Այնտեղ հավաքված են եկեղեցու պատմությանը վերաբերող շուրջ 2 հազար ցուցանմուշներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները