Աբելյան մրցանակի դափնեկիր է դարձել կանադացի մաթեմատիկոսը

18:41   20 Մարտ 2018    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, 2018 թվականի մաթեմատիկայի ոլորտում շնորհվող Աբելյան մրցանակի դափնեկիր է դարձել կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լենգլենդսը: Նորվեգիայի գիտությունների ակադեմիան մրցանակը նրան է շնորհել «հեռատես աշխատանքի համար, որը միացնում է պատկերացումների տեսությունը եւ թվերի տեսությունը»:

Աբելյան ամենամյա մրցանակը համարվում է «Նոբելյան մրցանակ մաթեմատիկայի բնագավառում»: Մրցանակի չափը 6 մլն կրոն է (մոտավորապես 45 մլն ռուբլի):

Պարգեւատրման արարողությունը կկայանա 2018 թվականի մայիսի 22-ին Օսլոյի Աուլա համալսարանում: Պարգեւն անձամբ կհանձնի Նորվեգիայի Հարալդ Հինգերորդ թագավորը: 1972 թվականից մաթեմատիկոսն աշխատել է Փրինստոնում՝ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում: Մրցանակը Լենգլենդսին է շնորհվել այն աշխատանքների համար, որոնք գիտնականը կատարել է 50 տարի առաջ՝ 1967 թվականին, ճշտում է N+1 կայքը:

Լենգլենդսը մշակել է տեսություն, որը թույլ է տալիս միանգամայն նորովի նայել մաթեմատիկային: Տեսությունը նշել է այն խորը կապերը, որոնք ընկած են մաթեմատիկայի երկու տարբեր բնագավառների՝ թվերի տեսության եւ ներդաշնակ վերլուծության միջեւ։

Աբելյան հիմնադրամը եւ պարգեւը 2002 թվականի հունվարին Նորվեգիայի խորհրդարանը սահմանել է 19-րդ դարի նորվեգացի հայտնի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելի (1802-1829) ծննդյան 200-ամյակի կապակցությամբ: Նորվեգիայում պարգեւը հաճախ անվանում են մաթեմատիկոսների Նոբելյան մրցանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները