Ճապոնիան մտադիր է հանդիպում կազմակերպել Սինձո Աբեի և Կիմ Չեն Ընի

12:19   22 Մարտ 2018    469

Ճապոնիայի կառավարությունը Հյուսիսային Կորեային հայտնել է վարչապետ Սինձո Աբեի և հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև հանդիպում անցկացնելու մտադրության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետը հույս ունի Կիմ Չեն Ընի հետ քննարկել ճապոնացի քաղաքացիների առևանգման, ինչպես նաև Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ հարցերը: Բացի այդ, կարող են քննարկվել նաև երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության ու կապերի զարգացման հեռանկարները:

Հայտնի է, որ 2002թ. Հյուսիսային Կորեայի այն ժամանակվա ղեկավար Կիմ Չեն Իրը խոստովանել էր, որ հյուսիսկորեական հատուկ ծառայություններն առևանգել են 13 ճապոնացու: Նա մանրամասնել էր, որ նրանցից 8-ը մահացել են, իսկ մյուս 5-ին թույլ էր տրվել հայրենիք վերադառնալ:

Նախատեսվում է, որ մայիսին պատմական հանդիպում կկայանա Կիմ Չեն Ընի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Թրամփը համաձայնել էր Կիմ Չեն Ընի հետ բանակցություններին, քանի որ հարավկորեական կողմից տեղեկացել էր, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է ազատվել միջուկային զինանոցից, ինչպես նաև դադարեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոսք է տվել հավատարիմ մնալ ապամիջուկայնացման գործընթացին, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսին կայանալիք կարևոր հանդիպման գլխավոր նախապայմանն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Սինձո-Աբե   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները