Թբիլիսիում ուղեւորների կանգնած տեղափոխությունը պատժվում է 100 լարի տուգանքով

14:49   22 Մարտ 2018    451

Վրաստանի մայրաքաղաքում ավելի խիստ կհետեւեն այն միկրոավտուբուսներին, որոնք կանոնները խախտում են եւ ուղեւորներին կանգնած տեղափոխում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sputnik-Գրուզիա»-ին, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Երթուղայիններում ուղեւորների կանգնած տեղափոխությունն արգելված է: Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն՝ ուղեւորների տեղափոխության կանոնների խախտումը պատժվում է 100 լարի (մոտ 40,8 դոլար) տուգանքով:

«Այս կապակցությամբ կարգավորումներ կան: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի խիստ լինենք կատարման իմաստով: Սա կրկին արվում է ուղեւորների անվտանգության ապահովման նպատակով»,- լրագրողներին ասել է Կալաձեն:

Քաղաքապետը նաեւ մեկնաբանել է Վրաստանի Պետական աուդիտի ծառայության հաշվետվությունը, որում հատուկ ուշադրություն է դարձված քաղաքային տրանսպորտին: Պարզվել է, որ Թբիլիսիում հին տեսակի քաղաքային ավտոբուսների 68 տոկոսը տեխզննում չի անցել: Պահանջներ կան նաեւ միկրոավտոբուսների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն՝ 2017-ին վարորդների 48 տոկոսը միկրոավտոբուսների տեխզննում չի անցել:

Կալաձեի խոսքով՝ նման տրանսպորտը շրջակա միջավայրն աղտոտում է եւ լուրջ վտանգ ստեղծում:

«Անհրաժեշտ է դրանք փոխարինել նոր՝ ժամանակակից տեսակի ավտոբուսներով: Երբ մենք սկսենք նոր ավտոբուսներ բերել, դեղին, այսպես կոչված, երթուղայինների տերերը ստիպված կլինեն մտածել իրենց ավտոպարկը թարմացնելու մասին»,- նշել է Կալաձեն:

Վրաստանի մայրաքաղաքում 2011 թվականից ուղեւորների տեղափոխությունն ապահովում է «Թբիլիսյան միկրոավտոբուս» մասնավոր ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները