ԱՄՆ-ն ու Չինաստանն անդրկուլիսյան բանակցություններ են վարում

10:54   13 Ապրիլ 2018    722

ԱՄՆ-ն ու Չինաստանը անդրկուլիսյան բանակցություններ են վարում առեւտրային տարաձայնությունների առումով լարվածությունը նվազեցնելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ղեկավար Անխել Գուրրիան՝ շեշտելով, որ առեւտրային պատերազմում հաղթողներ չկան։

Նրա խոսքով՝ չնայած պաշտոնական հերքումներին, չինացի պաշտոնյաները իրեն հայտնել են, որ բանակցում են ամերիկացի գործընկերների հետ։ «Բոլորը շատ մտահոգված են այդ հաղորդագրություններով (մաքսատուրքերի սահմանման մասին), բայց միաժամանակ նրանք երկխոսություն են վարում»,- հավելել է Գուրրիան։

Նախօրեին Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնել է լրագրողներին, որ «Չինաստանն ու ԱՄՆ-ն դեռ որեւէ մակարդակի վրա չեն բանակցում առեւտրային տարաձայնությունների շուրջ»։

Գուրրիան նշել է, որ առայժմ կողմերից որեւէ մեկը մաքսատուրքեր չի սահմանել։ Նրա խոսքով՝ ոչ մեկը չի հաղթի առեւտրային պատերազմում, որի մեջ ներգրավված են աշխարհի խոշորագույն երկրները։ Նա նաեւ նախազգուշացրել է ԱՄՆ- Չինաստան առեւտրային պատերազմի բացասական հետեւանքների մասին։ «Դա կհարվածի ոչ միայն նրանց»,- համարում է ՏՀԶԿ ղեկավարը։ Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմի սպառնալիքը հայտնվել է այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը վերջապես հասել է աճի մակարդակի՝ 2008-ի ճգնաժամից հետո։ «Պահանջվել է 10 տարի՝ համաշխարհային տնտեսության աճի այն մակարդակին վերադառնալու համար, որը եղել է մինչեւ ճգնաժամը։ Այդպիսին էր ճգնաժամի ազդեցությունը»,- նկատել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները