Առաջին եռամսյակային զեկույցը` Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

10:14   14 Ապրիլ 2018    987

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի, լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր։

Ընդդեմ լրատվամիջոցների այս արշավի մեկնարկ կարող է համարվել հունվարին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելը, որով նախատեսվում էր գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ։ Թեև ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության մյուս կառույցները սուր քննադատությամբ արձագանքեցին այդ քաղաքական որոշմանը, սակայն փետրվարի 1-ին կառավարությունը հավանություն տվեց այս փաստաթղթին, իսկ մարտի 23-ին Հայաստանի Ազգային ժողովն իր արտահերթ նիստին ընդունեց այս օրենքը։

Գործադիր իշխանության որդեգրած փակ աշխատաոճը վարակիչ ազդեցություն ունեցավ մյուս կառույցների համար։ Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը մտադրություն հայտնեց «կանոնակարգել» իր վարչական շենքերում լրագրողների աշխատանքը։ Իրականում այդ առնչությամբ պատրաստված առաջարկությունները նախատեսում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժման և մասնագիտական գործունեություն իրականացնելու խիստ սահմանափակումներ։

Դրա համար պատրվակ ծառայեց նույն օրը՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավիրած լրագրողների կողմից իրականացվող նկարահանումներն անթույլատրելի համարվեցին և արգելվեցին։ Քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկած «կանոնակարգումները» լրագրողական հանրության համար անսպասելիորեն օրենքի ուժ ստացան. դրանք ներառվեցին Հայաստանի Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստին ընդունած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում։ Արձագանքելով այս գործընթացին՝ 10 լրագրողական կազմակերպություններ իրենց հայտարարությամբ նշեցին, որ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող նոր օրենքը հակասում է ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին։

ԱԺ վերոհիշյալ նիստին ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Սա նույնպես անակնկալ էր լրագրողական հանրության համար, քանի որ 2017-ի նոյեմբերի 16-ին կառավարությունը հավանության էր արժանացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը և որոշել էր այն ուղարկել խորհրդարան։ Մինչդեռ Հայաստանի Ազգային ժողովում հայտնվեց գործող օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծ, որը միանգամայն այլ փաստաթուղթ է և լուծում է ընդամենը մեկ՝ 2015-ին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր։ Ըստ այդմ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնց նշանակում է Ազգային ժողովը, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կունենա 5 անդամ, որոնց մրցութային կարգով կնշանակի վարչապետը։ Ինչ վերաբերում է տարիների ընթացքում ոլորտում կուտակված բազմաթիվ լուրջ խնդիրներին, ապա դրանք մնում են չլուծված։

Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 9 նոր դատական գործ է գրանցվել։ Դրանցից 3-ը Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու, 1-ը՝ լրատվամիջոցի իրավունքը խախտող գործողությունները դադարեցնելու պահանջով, 1-ը՝ ֆինանսատնտեսական վեճ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները