Միջադեպ Բաղրամյանում. Ոստիկանին հայհոյել էին

09:32   17 Ապրիլ 2018    1174

«Ով ավելորդ բան ա ասում ոստիկանին, տեղում չեզոքացրեք»։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում, ոստիկանների քաշած փշալարի մոտ ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս Ֆրանսիայի հրապարակից ժամանել է փշալարի մոտ, քանի որ միջադեպ էր գրանցվել։ Ոստիկաններից մեկը Փաշինյանին հայտնել է, թե իրենց հայհոյել են։ Փաշինյանը խոստացավ կարգավորել իրավիճակը։ «Ով ավելորդ բան անի, ով խմած գա, հայհոյի ոստիկանին, պրավակատոր է։ Էդ Սերժի սարքած բրիգադներն են, գալու են մեր մեջ, այս պրոցեսը վարկաբեկեն»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Ով նման բան անի, ձեռքերը ոլորեք, ինձ կանչեք, պատժեմ»։ ԱԺ պատգամավորը նշեց, որ անթույլատրելի է ոստիկանին վիրավորելը։

Ցուցարարներից մեկը հայտարարեց, թե Ղարաբաղից զորք բերելու լուրեր են շրջանառվում, ի պատասխան Փաշինյանը նշեց, թե այդ լուրերը ստահոդ են։ «Արցախի զինված ուժերը առաջնագծում են, պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ եթե սադրիչներին չեզոքացնեն, ոստիկանները որեւէ գործողություն չեն անի, չեն ցրի նստացույցի մասնակիցներին։

Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները