Թրամփը չի մասնակցի Բարբարա Բուշի հուղարկավորությանը

09:39   20 Ապրիլ 2018    1797

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեծ հարգանք տածելով Բուշ ընտանիքի ու արարողությանը մասնակցող ընկերների հանդեպ՝ նախագահ Թրամփը չի մասնակցնի հուղարկավորությանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել անվտանգության հավելյալ միջոցների սահմանման հետ կապված անհարմարություններից»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

Սակայն նշվում է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփը ներկա կգտնվի արարողությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը, որը երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի կինն էր:

Բարբարա Բուշն ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:

Հայտնի է, որ նախկին առաջին տիկինը տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել: Օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:

Բարբարա Բուշն ամուսնու հետ ապրել է 73 տարի՝ լույս աշխարհ բերելով 5 երեխա: Նա ունի 17 թոռ և 7 ծոռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները