Փաշինյանը և Միքայելյանն այս պահին «պատանդի» կարգավիճակում են. Փաստաբան

10:17   23 Ապրիլ 2018    976

«Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության արձանագրության մեջ, որպես հիմք նշել են ապրիլի 13-ին կատարված գործողությունները: Մենք ներկայացրինք դիտողություն, որ, ըստ Սահմանադրության, այդ պարագայում պետք է ձերբակալեին հենց նույն օրը, եթե գտնում էին, որ դա հանցագործություն է և առկա է հանցակազմ»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ նրա, ոստիկանության կողմից խուզարկություն իրականացնելու ժամանակ, ինքը գործողությունը տեսանկարահանելու թույլտվություն է խնդրել, սակայն մերժվել է: Այնուամենայնիվ, Միրզոյանի և Միքայելյանի մոտ որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել. «Նրանք հրաժարվել են մասնակցել քննչական կամ դատավարական որևէ գործողության, որոնք իրենց բովանդակության ձևով և տեսքով չունեն որևէ իրավական հիմնավորում, գործընթաց»,- հավելեց փաստաբանը:

Վերջինս պատգամավորներին անազատության մեջ պահելը որակեց «պատանդառնություն», նշելով, որ այս պահին նրանք պահվում են «պատանդի» կարդավիճակում, որը նորից խախտում է Սահմանադրությունը: Անդրադառնալով իր վստահորդների տրամադրվածությանը, փաստաբան Բաղդասարյանը հայտարարեց, որ նրանք բարձր տրամադրություն ունեն և ժողովրդից ակնկալում են, որ վերջիններս դուրս կգան փողոց և «կկատարեն իրենց քայլը»:

Forrights-ը փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք երկու անձեռնամխելի անձիք կտեղափոխվեն Ձերբակալվածների պահման վայր, փաստաբանը երկմտեց.

«Չեմ կարծում, որ նման ռիսկի կգնան և Ոստիկանության շենքից դուրս կհանեն. բոլորը ճանապարհները ժողովրդի կողմից փակ են»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ այս պահին համապատասխան փաստաթղթեր են պատրաստվում դիմելու միջազգային ատյաններին, որ նրանք միջոցներ ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ոստիկանական ապօրինի գործողություններից ազատ արձակելու համար:

Փաստաբանից տեղեկացանք, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե որտեղ է պահվումՆիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտ տեղի ունեցած Փաշինյան-Սարգսյան հանդիպումը ձախողվել է, քանի որ վարչապետ Սարգսյանը, հանդիպումից մոտ 4 րոպե անց լքել է բանակցությունների հարթակը, Փաշինյանին հիշեցնելով Մարտի 1-ը. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եթե այդ տոնով պիտի խոսեք, ինձ մնում է Ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է»,- հայտարարել էր նա և հեռացել:

Հանդիպումից 1 ժամ չանցած ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա բերման ենթարկում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մի քանի տասնյակ ցուցարարների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները