Սերժ Սարգսյանը իրավունք չունի հանդես գալու պետության անունից. Սաքունց

10:19   23 Ապրիլ 2018    1330

«Եթե Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը կատարած լինեին քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք, ապա Սերժ Սարգսյանը այսօր նրանց հետ չէր գնա բանակցությունների, այլ վաղուց մեկուսացրել էր։ Իսկ քանի որ մեկուսացման հիմքեր չկային, Սերժ Սարգսյանը գնաց նրանց հետ բանակցությունների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԱԺ երեք պատգամավորների ձերբակալությանը։

«Ոստիկանության միջոցով, ուժի ու հատուկ միջոցների գործադրմամբ պատգամավորներին մեկուսացնելով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ քաղաքական որոշում է կայացրել և հերթական անգամ պատրաստ է հաշվերհարդար տեսնել իր ժողովրդի և այն մարդու հետ, որի հետ իբր նստել էր բանակցությունների»,-հավելեց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով Սերժ Սարգսյանը բացառապես ուժի, սպառնալիքի ներքո է կարողանում երկխոսություն վարել, որը նշանակում է, որ նա չունի լեգիտիմություն, քանի որ լեգիտիմություն ունեցողը կխոսի այն ժողովրդի հետ, որից ստացել է իր լեգիտիմությունը։

«Սերժ Սարգսյանը ամբողջովին կրում է և կրելու է պատասխանատվությունը կատարված հանցագործության համար։ Նա պատասխանատվության է ենթարկվելու սահմանադրական կարգը բռնի զավթելու գորողության համար։ Սերժ Սարգսյանը չունի իշխանություն, չունի կայուն մեծամասնություն»,-ասաց Իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով Փաշինյանի և մյուս պատգամավորների ձերբակալությունով ոչ մի խնդիր չի լուծելու իշխանությունը։ Դա ժողովրդին չի ընկճելու։ «Ժողովուրդը շարունակում է բացառապես խաղաղ ցույցերը։ Իսկ Սերժ Սարգսյանը իրավունք չունի հանդես գալու պետության անունից։ Ինքն ու պետությունը հակացուցված են»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները