Լոս Անջելեսում աննախադեպ բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել

11:51   23 Ապրիլ 2018    1311

Մի քանի օր շարունակ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և «Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ցույցեր են նաև Լոս Անջելեսում։ Այսօրվա ցույցն աննախադեպ մարդաշատ է եղել։

«Մենք շուտվանից գիտենք, որ Սերժիկ Սարգսյանը քաղաքական դիակ է, բայց այսօր նա կնքեց իր մահկանացուն քաղաքականության մեջ։ Սերժիկ Սարգսյանը կարող է ձերբակալել 200 հոգու, 2000 հոգու, բայց նա չի կարող ձերբակալել 10 միլիոն հայությանը։ Սերժիկ Սարգսյանը իր մի խումբ թափթփուկներով չի կարող արտահայտել հայության տեսակետը։ Նա տապալված և ձախողված գործիչ է։ Նա պետք է հեռանա»,- հանրահավաքի ժամանակ նշել են ցուցարարները։

Ցուցարարներից շատերը նշել են, որ Լոս Անջելեսում բնակվող հայերից շատերը այս օրերին վերադառնում են Հայաստան՝ մասնակցելու «հայ ազգի զարթոնքին»։

Ամերիկահայերը նշել են, որ լինելով Միացյալ Նահանգներում՝ իրենք ևս անելիք ունեն՝ պետք է զանգահարեն կոնգրեսականներին, ներկայացնեն իրավիճակը։

Հանրահավաքին մասնակցել է նաև Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նա նշել է, որ իրենք կանգնած են Հայաստանում բողոքի պայքարի դուրս եկած իրենց քույրերի և եղբայրների կողքին։ «Այն մարդը, որին այլևս ազգը չի ուզում, երեկ սպառնաց մեր ժողովրդին, որ նոր Մարտի 1 է լինելու։ Բայց մենք դա թույլ չենք տալու։ Մենք այսօր հավաքվել ենք՝ ցույց տալու, թե ինչքան մեծ է այդ 7 տոկոսը։ Այնպես չանեն, որ 7 տոկոսը 70 դառնա, ինչպես երեկ դարձավ Հայաստանում։ Մեր պատմական հայրենիքը պետք է դառնա օրենքի երկիր»,- ընդգծել է Գլենդելի քաղաքապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները