Աստանայի գործընթացը կհանգեցնի Սիրիայի բաժանմանը. Մակրոն

10:08   26 Ապրիլ 2018    583

Ֆրանսիան մասնակցում է Սիրիայի իրավիճակի կարգավորման ընդհանուր պայքարին եւ այն մինչեւ վերջ կշարունակի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Միջազգային կոալիցիայում մեր պարտավորությունները մեծացրել ենք,- ասել է Մակրոնը: - Անհրաժեշտ է բոլոր միջոցներն ունենալ գործողությունն ավարտելու համար»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին: «Մենք այս ընդհանոր պայքարին մասնակցում ենք եւ այն մինչեւ վերջ կշարունակենք: Մենք միասին կաշխատենք տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար»,- հավաստիացրել է Մակրոնը:

Նա նշել է, որ իրեն չի գոհացնում Սիրիայի ճնաժամի կարգավորման Աստանայի գործընթացը, քանի որ այն կարող է հանգեցնել արաբական հանրապետության բաժանմանը: «Մի կողմից դուք ունեք Աստանայի գործընթացը, որին մասնակցում են 3 խոշոր տերություններ՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Եվ այս գործընթացը մեզ չի բավարարում, որովհետեւ իրավիճակի կարգավորման ճիշտ միջոց չէ եւ իմ կարծիքով՝ կհանգեցնի Սիրիայի բաժանմանը»,- պարզաբանել է նա:

Մյուս կողմից՝ ֆրանսիացի առաջնորդի վարկածով՝ «ժնեւյան գործընթացը միանգամայն օրինական հիմնավորումներ ունի, սակայն այն այսօրվա դրությամբ խթան չունի»: Նա շեշտել է, որ խումբը «Սիրիայի ընդդիմադիր ուժերի հետ մշտական երկխոսություն է վարում»: «Քանի որ կարեւոր է տարբեր կողմերի եւ տարբեր խմբերի հետ խոսելը: Ահա թե ինչու կարեւոր են Ռուսաստանի հետ սիրիական իրավիճակի կարգավորման բանակցությունները»,- նշել է Մակրոնը՝ մատնացույց անելով Մոսկվայի եւ Դամասկոսի սերտ կապերը:

Մակրոնը պարզաբանել է, որ «նոր խթան կհաղորդվի ժնեւյան յուրատեսակ նոր գործընթացին», որը կմեկտեղի Ֆրանսիայի, Սիրիայի դաշնակիցներին, ինչպես նաեւ տարածաշրջանի առանցքային երկրներին, «հատկապես նրանց, որոնք միլիոնավոր փախստականների են ընդունում»:
«Այս նախաձեռնության հիմնական գաղափարը սա է: Կարծում եմ՝ սա առաջ ընթանալու միակ միջոցն է»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները