Հավայներում ավիացիայի համար վտանգի ամենաբարձր աստիճան է հայտարարվել

16:50   16 Մայիս 2018    335

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը զգուշացրել է ինքնաթիռների թռիչքի համար առավելագույն՝ կարմիր վտանգի աստիճանի մասին` Հավայան կղզիների կազմում գտնվող Մեծ կղզու Կիլաուեա ժայթքող հրաբխի տարածքում մոխրի արտանետումների եւ խիտ ծխի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ծառայության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ հրաբխի սեյսմիկ ակտիվությունը կարող է ուժեղանալ եւ նոր ստորգետնյա ցնցումների եւ պայթյունների հանգեցնել:

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ հրաբխի մոտակայքից ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել, մայիսի 14-ին հայտարարվել էր տարհանման նոր ալիքի մասին:

Ըստ տեղական իշխանությունների՝ հրաբխի ժայթքումը տուրիզմի ոլորտին արդեն մոտ 5 մլն դոլարի վնաս է հասցրել:

Հրաբուխը մայիսի սկզբից բարձր սեյսմիկ ակտիվություն է ցույց տալիս: Կիլաուեան համարվում է աշխարհի գործող ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 1247 մետր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները