ՌԴ-ից Գերմանիա գազատարը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ի համար

17:44   17 Մայիս 2018    394

Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազամուղը հետախուզական և ռազմական տեսանկյունից մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ի համար, քանի որ այն թույլ է տալու Մոսկվային մոնիթորինգի նոր տեխնոլոգիաներ տեղակայել Բալթիկ ծովում:

Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի:

ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ դիվանագիտության գծով օգնականի տեղակալ Սանդրա Աուդքիրքը հայտարարել է Բեռլինում, որ կհանդիպի գերմանացի պաշտոնյաների հետ՝ նրանց հայտնելու ստորջրյա նախագծի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները:

Ավելի վաղ այս շաբաթ արևմտյան ընկերությունների կոնսորցիումը և ռուսական «Գազպրոմ»-ը հայտարարել են, որ նախապատրաստական աշխատանքներ են սկսում գազատարի նախագծի առնչությամբ:

Աուդքիրքը նաև նշել է, որ ռուսական գազամուղի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել:

«Դա նշանակում է, որ նման նախագծերում ներգրավված ընկերությունները պատժամիջոցների վտանգի տակ են»,- ասել է նա:

Վաշինգտոնում պնդում են, որ նախագիծը կուժեղացնի Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունը և անվտանգության խնդիրներ կստեղծի: Նախագծի դեմ է հանդես գալիս նաև Ուկրաինան, որը մտավախություն է հայտնել, որ կարող է կորցնել ռուսական վառելիքի տարանցումից ստացվող եկամուտները:

«Հյուսիսային հոսք-2»-ը գազատար է, որով ռուսական գազն անմիջականորեն Գերմանիա և Արևմտյան Եվրոպա է հասնելու Բալթիկ ծովի հատակով, այլ ոչ Լեհաստանով և Ուկրաինայով: Նախագծի միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է: Գազամուղի կառուցման արժեքը 9,5 միլիարդ դոլար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները