Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի - Հայ զինվորի մայրը

10:33   19 Մայիս 2018    591

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ և զինվորական համազգեստ ուղարկել:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում և իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:

«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, և զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Անտեղ ֆորման 8-10 հազար դրամ արժի: Զինվորներին 8 ամիսը մեկ անգամ են նոր ֆորմա տալիս: Իմ տղան այդ ֆորմայով է մնացել, փոխնորդ չունի, բայց նոր չորս ամսվա ծառայող է: Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ասաց զինվորի մայրը:

Լուսինե Պողոսյանի փոխանցմամբ՝ 2-3 օր առաջ էլ տղային զորամաս մոտ 15 հազար ՀՀ դրամի հիգիենայի պարագաներ և ներքնաշորեր է ուղղարկել:

«Երկու օր առաջ էլ նասկի, մայկա և հիգիենայի այլ պարագաներ եմ ուղարկել: Ամեն ամիս էլ ուղարկում եմ: Չորս ամսվա ծառայող է, բայց ամեն ամիս ուղարկում եմ: Հիմա չգիտեմ՝ ուղարկեմ, թե՝ սպասեմ, որ իրենց խոստումները կատարեն»,- ասաց նա:

ՀԺ-ն խնդրի շուրջ փորձեց պարզաբանում խնդրել Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները