«Պոկերի խաղացող» Ցզինպինը Հս. Կորեային կարող է որպես հաղթաթուղթ օգտագործել

09:14   26 Մայիս 2018    198

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ձեռքում, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «համաշխարհային դասի պոկեր խաղացող» է անվանել, ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների գագաթաժողովի չեղարկումից հետո կարող են հաղթաթղթեր լինել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թեեւ Չինաստանը հրապարակավ ողջունել էր հունիսի 12-ին նախատեսվող ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների գագաթաժողովը, վերլուծաբաններն ասում են, որ Պեկինը անհանգստացած է, որ նրանց միջեւ գործարքը կարող է վնաս հասցնել իր ռազմավարական շահերին:

Վերլուծաբանների խոսքով՝ Վաշինգթոնը եւ Պեկինը, հանդիպումն ավելի ուշ ժամանակաշրջանի համար թողնելով, թույլ են տվել Պեկինին ժամանակ շահել իր շահերը պաշտպանելու համար եւ հնարավոր է ԱՄՆ-ի հետ առանձին առեւևտրային բանակցություններին լծակներ ստանալու համար:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանգը ուրբաթ բացառել է, որ Չինաստանն ինչ-որ թաքնված դրդապատճառներ ունի, հավելելով, որ Պեկինն ինչպես նախկինում հավատարիմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, խնդրի լուծման համար՝ խաղաղությանը եւ երկխոսությանը: Նա ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին կոչ է արել «լինել համբերատար եւ բարի կամք դրսեւորել»:

Վերջին տարիներին Պեկինի եւ Փհենյանի հարաբերությունները լարված են եղել. Չինաստանը Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային փորձարկումներից հետո աջակցել էր ՄԱԿ-ի բազմաթիվ պատժամիջոցներին:

Սակայն Ցզինպինը վերջապես այս տարի որոշել էր հանդիպել Կիմի հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ Թրամփի կամ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ բանակցություններից առաջ:

Թրամփն ավելի վաղ ենթադրել էր, որ Չինաստանի նախագահը, հնարավոր է, ազդել է Կիմի վրա, ում դիրքորոշումն ակնհայտ խստացել էր Ցզինպինի հետ հանդիպումից առաջ: Վերլուծաբանները համաձայն են նրա հետ:

«Ամեն ինչ փոխվեց, որովհետեւ չինացիները Կիմին ասացին, որ նա շատ արագ հանձնվեց», -այսպես է կարծում Հոնկոնգի համալսարանի Չինաստանի հարցերով փորձագետ Ժան Պյեր Կաբեստանը:

Նրա խոսքով՝ Կիմի եւ Ցզինպինի երկրոդ հանդիպումը շրջադարձային պահ դարձավ հյուսիսիկորեացի առաջնորդի դիրքորոշման հարցում, քանի որ Սին հավանաբար հիշեցրեց Կիմին, որ նա ավելի լավ է գործ ունենա իր երկրի գլխավոր բարերարի, քան ԱՄՆ-ի հետ:

Չի բացառվում, որ հենց Ցզինպինն է առաջարկել Կիմին բանակցային սեղանին դնել Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների չեղյալ հայտարարման պահանջները, կարծում է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ասիայի հարցերով ավագ խորհրդատու Բոննի Գլեյզերը:

Սակայն չինացի առաջնորդը մտադիր չէր գագաթաժողովը սաբոտաժի ենթարկել:

«Անկասկած, Սի Ցզինպինը ցանկանում էր Թրամփի եւ Կիմի հանդիպումը Չինաստանի շահերի կամ առնվազն, վնաս չպատճառելու ուղղությամբ տանել», - ասել է Գլեյզերը:

Նրա խոսքով, Պեկինը գագաթաժողովի չեղարկումից չի շահում, քանի որ ԱՄՆ-ն կարող է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական տարբերակներ դիտարկել:

Չինացի վերլուծաբանները Սպիտակ տան կոշտ քաղաքականության կողմնակիցներին են մեղադրում:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բարկացրել էր Փհենյանին` ակնարկելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագիրը, որը հրաժարվել էր միջուկային զենքից եւ տարիներ անց մահացել էր ապստամբների ձեռքից, որոնց աջակցում էր ԱՄՆ-ն:

Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու համար Չինաստանին մեղադրելը «պարզապես հնարք է», ասում է անկախ չինացի քաղաքագետ Խուա Պոն: «Ես կարծում եմ, որ գագաթաժողովի չեղյալ հայտարարումը պայմանավորված է ԱՄՆ-ում Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ համաձայնության բացակայությամբ»:

Պեկինի միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Վան Դոնգը նշել է, որ կոշտ քաղաքականության կողմնակիցները «ցանկանում են, որ Հյուսիսային Կորեան լիարժեք հանձնվի»:

Ըստ վերլուծաբանների՝ Չինաստանը կարող է փորձել վերականգնել գագաթաժողովը եւ ԿԺԴՀ-ին որպես հաղթաթուղթ օգտագործել ԱՄՆ-ի հետ տարբեր առեւտրային բանակցություններում:

«Եթե Ցզինպինը հաջող միջնորդ լինի Կիմի եւ Թրամփի միջեւ, նա կարող է Չինաստանի համար լավագույն առեւտրային գործարքի հասնել, որը միանշանակ շահավետ կլինի Պեկինի համար», - կարծում է Գլեյզերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները