Կուբայում Boeing 737 օդանավի վթարի բոլոր զոհերի դիակների ինքնությունը հաստատվել է

12:30   27 Մայիս 2018    130

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, դատաբժշկական փորձագետները Հավանայի մոտ Boeing 737 օդանավի վթարի զոհերի դիակների ինքնության հաստատման գործընթացն ավարտել են:

Մայիսի 18-ին Հավանա օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Boeing 737-ը, որը Cubana de Aviacion-ը վարձակալել էր Մեքսիկայի Global Air ավիաընկերությունից, վթարի էր ենթարկվել: Ինքնաթիռի վթարից հետո երեք կին ողջ էր մնացել: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել էին: Այսպիսով, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էր 112 մարդ, այդ թվում 5 երեխա եւ 11 օտարերկրացի:

Ողջ մնացած 19-ամյա Մայլեն Դիասի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նրա կյանքի համար պայքարում են տարբեր մասնագիտությունների ավելի քան քսան բժիշկներ:

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռ չի պարզվել, օդանավի երկու սեւ արկղերը գտնվել են:

Հետաքննությանը ներգրավված են ամերիկացի եւ մեքսիկացի մասնագետներ: Boeing-ի 737-ի ավիավթարը վերջին 30 տարիների ընթացքում Կուբայի ամենամեծ ավիավթարն է համարվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները