Հրվ. Կորեան կփորձի փրկել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի բանակցությունները

14:44   27 Մայիս 2018    131

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանն իր հանձնառությունը:

Այս մասին Փհանմունջոմ սահմանային կետում ԿԺԴՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

«Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանն իր հանձնառությունը», - ասել է նախագահը

Նա հավելել է, որ ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է հունիսի 12-ին Սինգապուրում բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Մուն Չժե Ինի խոսքով, Կիմ Չեն Ընը մտահոգություն է հայտնել նաեւ Վաշինգթոնի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության կապակցությամբ: «Նա մտահոգված է ԱՄՆ դիրքորոշմամբ եւ նրանով՝ թե արդյոք կկարողանան նրանք Հյուսիսային Կորեային ապահով անվտանգության երաշխիքներ ներկայացնել», - ասել է նախագահը:

Հարավային Կորեայի առաջնորդը հավելել է, որ ինքը այդ կապակցությամբ Կիմ Չեն Ընին ասել է, որ ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ն հարցը լուծելու համար պետք է ուղիղ երկկողմանի շփումներ անցկացնեն: Հարավային Կորեայի առաջնորդը խոստացել է նրանց «ակտիվ աջակցություն» ցույց տալ:

Բացի այդ, Մուն Չժե Ինը հայտարարել է ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով անցկացնելու հնարավորության մասին, որտեղ նրանք Կորեական պատերազմի ավարտը կհայտարարեն:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ ղեկավարների հաջող բանակցություններից հետո Կորեայի Հանրապետության մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով կկայանա, որտեղ Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթուղթ կստորագրվի », - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները