Թրամփն ընդունել է Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը

09:48   13 Հունիս 2018    483

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը, հայտնում են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները:

Թրամփն իր թվիթում գրել է, որ Կիմի հետ հանդիպումը նշանակում է, որ «աշխարհը հնարավոր միջուկային աղետից մեծ հետքայլ է արել»: «Այլեւս ոչ մի հրթիռային արձակում, միջուկային փորձարկումներ եւ հետազոտություններ: Պատանդները տուն են վերադառնում իրենց ընտանիքների մոտ: Շնորհակալություն, նախագահ Կիմ, մեր օրը պատմական էր»,- նշել է Թրամփը:

Բանակցությունների արդյունքներով կատարած իրենց համատեղ հայտարարության մեջ Կիմը համաձայնվել է «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը»:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության առաջին հրապարակման մեջ նշվում է, որ «դարակազմիկ հանդիպումը» նպաստել է «Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ թշնամական հարաբերությունների արմատական անցումին»: Գործակալությունը նշում է, որ 2 երկրների առաջնորդները միմյանց հրավիրել են այցելել իրենց պետություններ, եւ «հրավերներն ուրախությամբ ընդունվել են»:

Նշվում է, որ Թրամփը հայտարարել է Փհենյանի դեմ պատժամիջոցները հանելու մտադրության մասին: Ինքը Թրամփը Կիմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատժամիջոցները այնքան կպահպանվեն, մինչեւ «մենք կհամոզվենք ամբողջական ապամիջուկայնացմանը»:

Հյուսիսկորեական պետական «Ռոդոնգ Սինմումի» առաջնորդողը հրապարակվել է հետեւյալ վերտառությամբ՝ «Դարի հանդիպումը ԿԺԴՀ եւ ԱՄՆ հարաբերություններում նոր պատմություն է սկսում»: Պարբերականի 6 էջից չորսում հրապարակվել է գագաթնաժողովից 33 լուսանկար: Լուսանկարներից մեկում ժպտացող Կիմը սեղմում է ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի ձեռքը, որը նախկինում հանդես էր գալիս Հյուսիսի դեմ ռազմական գործողությունների օգտին, եւ ում Փհենյանում «տականք» էին անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները