Բելառուսը դժգոհում է ՌԴ-ի հետ առևտրում անհավասար պայմաններից

12:10   14 Հունիս 2018    536

Բելառուսի կառավարությունը պնդում է, որ Միութենական պետությունում այդպես էլ չի հաջողվել հասնել արդար մրցակցության և հավասար պայմանների:

Այդ մասին Մոսկվայում Միութենական պետության նախարարների խորհրդի նիստին ասել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, գրում է «Независимая Газета»-ն:

Խոչընդոտների վերացման դեպքում փոխադարձ առևտրի ծավալը կարող է կազմել 40 միլիարդ դոլար՝ ներկայիս 32,4 միլիարդ դոլարի փոխարեն:

«Անցկացված աշխատանքի արդյունքները դեռ բավականին համեստ են, և խնդրահարույց հարցերի լուծման գործընթացը չի ընթանում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ… Տեսադաշտում են մնում ռուսական շուկա բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկայի արտադրություն իրականացնող բելառուսական ձեռնարկությունների մասնակցությունը պետգնումներին և սուբսիդավորման ծրագրերին»,- հայտարարել է Անդրեյ Կոբյակովը:

Ինչպես հայտնի է դառնում քննարկման ընթացքի մասին հրապարակված տեղեկություններից, Բելառուսը բողոքել է Միութենական պետության տարածքում արդար մրցակցության բացակայությունից և հորդորել է Ռուսաստանին «փոխշահավետ փոխզիջում գտնել» դա ապահովելու համար:

«Երկու երկրների կառավարությունները երկար քննարկում են առկա բարդությունները, պայմանավորվում են խոչընդոտների վերացման մասին, սակայն խնդրահարույց հարցերի լուծման գործընթացն այնքան արագ չի ընթանում, որքան ցանկալի կլիներ»,- ասել է Անդրեյ Կոբյակովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները