Քալիֆորնիան կարող են բաժանել 3 նահանգի

18:23   14 Հունիս 2018    299

2018 թվականի նոյեմբերին Քալիֆորնիայի բնակիչները ստիպված կլինեն մասնակցելու նահանգը երեք՝ Քալիֆորնիա, Հյուսիսային եւ Հարավային Քալիֆորնիա նահանգների բաժանելու հարցի քվեարկությանը:

Սրան հասել է «Cal З» կոչվող նախաձեռնությունը, հայտնում է USA.one-ը: Այս անգամ Քալիֆորնիան երեք մասի բաժանելու առաջարկով հանդես է եկել վենչուրային կապիտալի ներկայացուցիչ Թիմ Դրեյփերը: Նրա սկսած «Cal З» արշավն աջակցության 402 468 ստորագրություն է հավաքել՝ ավելի շատ, քան պահանջվում է նահանգի օրենքով:

Հունիսի 28-ին Քալիֆորնիա նահանգի քարտուղար Ալեքս Պադիլան կանցկացնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի այս հարցը մտցնի նոյեմբերի 6-ին քվեարկության թեմաների ցանկի մեջ: Ըստ Դրեյփերի մտահղացման՝ Քալիֆորնիայի բաժանումը 3 նահանգի շրջանների համայնքներին կօգնի ավելի լավ լուծել իրենց կենսական խնդիրները: Նախաձեռնությունն ընդունվել է քննադատության տարափով:

Քալիֆորնիայի ամբողջականության պաշտպանները համարում են, որ նահանգի բաժանումը կարող է հարկատուների համար միլիարդավոր դոլարներ արժենալ: Եթե ընտրողները քվեարկեն բաժանման օգտին, հարցի վերջնական լուծումը կտեղափոխվի Կոնգրես: Սահմանադրական փաստաբան եւ պրոֆեսոր Ջոնաթան Թերլին CNN-ին ասել է, թե դա հազիվ թե տեղի ունենա: «Դեմոկրատները Քալիֆորնիան համարում են միասնական ոսկե կայսրություն, նրանց համար դժվար կլինի այն ընդունել որպես երեք ոսկե կայսրություններ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները