ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Անկարային կհանձնի

09:11   21 Հունիս 2018    978

Թուրքիան Պենտագոնից կստանա առաջին երկու F-35 կործանիչները, որոնց փոխանցումն օրերս սենատը փորձում էր արգելափակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ամերիկյան օրենսդիրները դեմ էին դրան՝ Անկարայի՝ ռուսական C-400-ներ ձեռք բերելու ծրագրերի հետ կապված։ Վաշինգտոնում կարծում են, որ ռազմատեխնիկական ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը հակասում է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի առջև ունեցած պարտավորվածություններին։

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին F-35-ներ ստանալը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը կարող է համարվել։

Թուրքիային՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչները փոխանցելու նախապատրաստական աշխատանքների մասին, որը տեղի կունենա Ֆորթ Ուեսթում (Տեխաս նահանգ), հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմին երկու կործանիչների հանձնման արարողությունից հետո դրանք Արիզոնայի Լյուք ավիաբազա կուղևորվեն, որտեղ արդեն ժամանել են թուրք օդաչուները։

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԱՄՆ սենատը փորձել է արգելափակել գործարքը, որը կարող է ամենախոշորներից մեկը դառնալ թուրք-ամերիկյան պաշտպանական ոլորտի համագործակցության շրջանակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները