Մերկելը կայցելի Լիբանան

14:44   21 Հունիս 2018    582

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանում և Լիբանանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Tagesschau հեռուստաալիքը:

Նշվում է, որ այցի ժամանակ կանցլերին կուղեկցեն Բունդեսթագի պատգամավորները և մի խումբ գործարարներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հորդանանում Մերկելը կայցելի Գերմանա-հորդանանյան համալսարան ու հանդիպում կունենա ուսանողների հետ: Այնուհետև կանցլերը բանակցություններ կունենա Աբդալլա Երկրորդ թագավորի հետ:

Ինչպես անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը, հանդիպման առանցքային թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ իրավիճակը տարածաշրջանում:

Դրանից բացի, Հորդանանում Մերկելը կհանդիպի Բունդեսվերի՝ Գերմանիայի Զինված ուժերի զինծառայողների հետ, որոնք երկրում են գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար՝ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում:

Լիբանանում կանցլերը բանակցություններ կունենա վարչապետ Սաադ Հարիրիի հետ ու կմասնակցի իր պատվին տրված ընթրիքին: Դրանից բացի, Մերկելը կայցելի դպրոցներ, որտեղ սովորում են լիբանանցի, ինչպես նաև՝ սիրիացի փախստականների երեխաները: Այնուհետև նա կհանդիպի Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ:

Մերկելը մտադիր է Հարիրիի հետ մասնակցել տնտեսական հարցերով կլոր սեղանի: Այցի շրջանակում նա կհանդիպի նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Նա մտադիր է Լիբանանում քննարկել այդ երկրի տնտեսությանն օգնության վերականգնման, ինչպես նաև՝ փախստականների հարցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները