ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչև 20 հազար ներգաղթյալի տեղավորել. NYT

17:46   22 Հունիս 2018    488

Հինգշաբթի Պենտագոնի ներկայացուցիչ Մայքլ Էնդրյուսը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մինչև 20 հազար ներգաղթյալ երեխայի ապաստան տալ չորս ամերիկյան ռազմաբազաներում, գրում է The New York Times-ը:

Մոտ 20 հազար մարդու համար մահճակալ կտեղադրվի Տեխասում և Արկանզասում գտնվող ռազմաբազաներում: Ինչպես գրում է լրատվամիջոցը, պարզ չէ, թե արդյոք ռազմաբազաներում տեղակայվելու են նաև երեխաների ծնողները:

Սպիտակ տան, Պենտագոնի և Առողջապահության հարցերով դեպարտամենտի պաշտոնյաները հայտնել են, որ չեն կարող այլ մանրամասներ հայտնել:

Չորեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է չբաժանել անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործող ընտանիքների անդամներին:

«Հրամանագրում հանձնարարվում է ընտանիքները կալանքի տակ պահել միևնույն վայրում»,- ասված է հոդվածում:

Ներգաղթյալների իրավունքների համար պայքարողները մտահոգություն են հայտնել ռազմական օբյեկտներում նման հսկայական բնակավայրեր ստեղծելու գաղափարի առնչությամբ:

Թերթի մոտավոր տվյալներով՝ այժմ սոցիալական ապաստարաններում պահվում է 12 տարեկանից ցածր ավելի քան 2,3 հազար երեխա:

Հրամանագրով նախատեսվում է շարունակել անօրինական ձևով սահմանը հատող ներգաղթյալների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը և ծնողներին ու երեխաներին միասին ձերբակալել՝ նրանց բաժանելու փոխարեն:

ԱՄՆ իշխանությունների որոշմամբ՝ վերջին շրջանում մոտ 2.000 երեխա է բաժանվել ծնողներից ու խնամակալներից, որոնց հետ ապօրինաբար հատել է ԱՄՆ սահմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները