Իտալիայում գտել են Ռուբենսի եւ Ռենուարի գողացված կտավները

15:49   20 Հուլիս 2018    130

Իտալիայի ոստիկանությունը վերադարձրել է անցյալ տարվա ապրիլին գողացված Ռուբենսի «Սուրբ ընտանիք եւ Սուրբ Աննա» եւ Ռենուարի «Աղջիկները՝ մարգագետնում» կտավները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:

Հունիսի կեսերին իրավապահները ձերբակալել էին երկու նկարների գողության համար կասկածվող հինգ անձի: Կողոպտիչները կապ էին հաստատել արվեստի երկու դիլերների հետ՝ ներկայանալով որպես իսրայելցի գործարար եւ ռաբբի: Նրանք հայտարարել էին, որ պատրաստ են 26 միլիոն եվրո վճարել: Հանդիպման ընթացքում կտավները տրվել էին ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, որով եւ հանցագործները փախչել էին:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործները պատրաստվում էին կրկին դրանք վաճառքի հանել շուկայում, սակայն չեն հասցրել վերավաճառել: Ընդ որում, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ոստիկանության՝ մշակութային ժառանգության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչը, երկու ստեղծագործությունների իսկությունը դեռ պետք է պարզել:

Բանդայի երեք անդամները, որի մեջ իտալացիներից բացի մեկ խորվաթ կար, կալանքի տակ են առնվել: Եւս երկուսը՝ հայր եւ որդի, տնային կալանքի տակ են. ըստ քննիչների՝ նրանք օգնում էին հանցագործներին տրանսպորտով եւ հեռախոսներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները