Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ. Թրամփ

10:00   23 Հուլիս 2018    194

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին. երբեք, այլեւս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք կամ կտուժեք հետեւանքներից, այնպիսի հետեւանքներից, որոնք ամբողջ պատմության մեջ դեռեւս երբեք չեք տեսել: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության եւ մահվան մասին: Ավելի զգույշ եղեք»,- նշել է Թրամփն իր Twitter-ում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին կոչ էր արել «կրակի հետ չխաղալ»՝ շեշտելով, որ Թեհրանը «ոչ մեկի դեմ չի պատերազմում»: Նրա խոսքով՝ «Իրանի ուժը զսպող է»: «Մենք ոչ մեկի դեմ չենք մարտնչում եւ չենք պատերազմում»,- նշել էր Իրանի նախագահը:

Իրանի նախագահի խոսքը ԱՄՆ Պետքարտուղարության ավելի վաղ արած հայտարարության արձագանքն էր, որ Վաշինգթոնը կջանա դաշնակիցներին համոզել նոյեմբերի սկզբին ամբողջությամբ դադարեցնել Իրանից նավթի գնումը, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի, Չինաստանի կամ ցանկացած այլ երկրի դեմ, որոնք չնայած ԱՄՆ դիրքորոշմանը կշարունակեն Իրանից նավթ գնել: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեն հայտարարել էր, որ Իրանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կսկսեն գործել նոյեմբերի 4-ից, դրանից հետո այնտեղից նավթի մատակարարումները կհամարվեն պատժամիջոցների խախտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները