Իրաքն Իրանի հետ առևտրում կհրաժարվի դոլարից

11:02   10 Օգոստոս 2018    245

Իրաքն Իրանի հետ գործարքներում ստիպված կլինի հրաժարվել դոլարից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին:

«Պատժամիջոցները կանդրադառնան նախևառաջ դոլարով դրամական փոխանցումների և բանկային գործարքների վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ամերիկյան արժույթից հրաժարվելը երկկողմ առևտրում անկում կառաջացնի, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ սպառողի վրա:

«Իհարկե, պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը, որ եղել է մինչ պատժամիջոցները, չի ստացվի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ալ-Հադիսին վստահեցրել է, որ կառավարությունը «նոր մեխանիզմ» է որոնում երկկողմ առևտրի աջակցման համար:

«Ցանկացած դեպքում կառավարությունը կձգտի լուծել այդ առնչությամբ առաջացած բոլոր խնդիրները, կզբաղվի համապատասխան մեխանիզմների որոնմամբ, որպեսզի չեզոքացնի Իրաքի շուկայի վրա պատժամիջոցների ազդեցությունը, ինչպես նաև թույլ չտա վնասել Իրանի քաղաքացիների շահերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները