Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասի փողոցները ժամանակավորապես կփակվեն

15:36   10 Օգոստոս 2018    236

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում ժամանակավորապես կփակեն Կարմիր լապտերների թաղամասի փողոցները, որոնք ամենասիրվածն են զբոսաշրջիկների շրջանում:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն՝ փակված փողոցներում իշխանությունները «սանիտարական մաքրում» կիրականացնեն՝ այս կերպ նվազեցնելով զբոսաշրջիկների այցելությունները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ամստերդամում զբոսաշրջիկների հոսքերը կարգավորելուն ուղղված միջոցառումները հաստատել է քաղաքապետ Ֆեմկե Խալսեման: Առաջարկը հնչեցվել է, երբ քաղաքի օմբուդսմեն Արե Զուրմոնդը «ջունգլիներ՝ առանց օրենքների» է անվանել քաղաքի կենտրոնը:

Զուրմոնդի խոսքով՝ Ամստերդամում անընդհատ հանցագործություններ են տեղի ունենում, քաոս ու բռնություն է տիրում, թմրանյութերը վաճառվում են փողոցներում, իսկ ավելի լուրջ խնդիրներով ծանրաբեռնված ոստիկանությունը չի հասցնում օգնել աղմուկից ու կեղտից բողոքող քաղաքացիներին:

Ամստերդամի քաղաքապետն իր հերթին նշել է, որ ինքն ամեն ինչ կանի՝ Կարմիր լապտերների թաղամասում աշխատող ոստիկանների թիվն ավելացնելու համար:

Բացի այդ, այժմ քաղաքում պարբերաբար կմաքրվեն մարդաշատ փողոցները, ինչի ընթացքում այդ տարածքները կփակվեն զբոսաշրջիկների համար, որպեսզի մաքրողներն «ազատ տեղաշարժվեն ու հանգիստ մաքրեն աղբն ու հավաքեն թափոնները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները