Պուտինն ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ոչ լեգիտիմ է անվանել

20:50   10 Օգոստոս 2018    144

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ լեգիտիմ չեն:

«Անդրադարձ է եղել Վաշինգտոնի կողմից առեւտրային սահմանափակումների տեսքով հնարավոր նոր ոչ բարեկամանակ քայլերի թեմային: Ընդգծվել է նման գործողությունների լիարժեք անօրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, հայտնի էր դարձել բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Սահմանափակիչ միջոցառումները կիրականացվեն երկու փուլով: Նախ, կարգելվի ազգային անվտանգության հետ կապված մի շարք ամերիկյան ապրանքների, մասնավորապես՝ երկակի նշանակության էլեկտրոնիկայի մատակարարումը Ռուսաստան:

Եթե Մոսկվան քիմիական զենքից հրաժարման երաշխիքներ չներկայացնի եւ չհամաձայնի թույլատրել միջազգային փորձագետների մուտքը, ապա Վաշինգտոնը սպառնում է նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, կրճատել երկրների միջեւ արտաքին առեւտուրը եւ խանգարել Ռուսաստանին միջազգային բանկային վարկերի ձեռքբերման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները