Սպիտակամորթ ծայրահեղականները պատրաստվում են հանրահավաք անցկացրել․ «Ամերիկայի ձայն»

10:33   11 Օգոստոս 2018    314

Այս օրերին լրանում է Շարլոթսվիլում տեղի ունեցած սպիտակամորթ ծայրահեղականների բողոքի ցույցի մեկ տարին, որի ընթացքում գրանցվեցին բախումներ:

Դրանց արդյունքում եղավ մեկ զոհ, 19 վիրավոր: Մեկ տարի անց ծայրահեղականները ծրագրում են կրկին քայլարշավ կազմակերպել: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ծայրահեղականները կազմակերպել էին հանրահավաք: Արդյունքում գրանցվեցին բախումներ հակածայրահեղականների հետ: Ավտոմեքենայի բախման արդյունքում սպանվեց ակտիվիստ Հեվեր Հեյերը: Եղան նաև վիրավորներ:

Ողբերգությունից հետո Շարլոթսվիլը մեծ փոփոխության ենթարկվեց: Այդ փոփոխություններից է աֆրոամերիկացի քաղաքապետի ընտրությունը: Նիկույա Ուոքերը դարձավ Շարլոթսվիլի առաջին աֆրոամերիկացի քաղաքապետը: Նա ասում է, որ իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու իրավապահ մարմինները թույլ տվեցին, որ նման դեպքեր տեղի ունենան:

Այս տարի քաղաքային իշխանություններն արգելեցին ծայրահեղականներին հանրահավաք կազմակերպել Շարլոթսվիլում: Քաղաքի վարչակազմը մերժեց միջոցառման կազմակերպիչ Ջեյսոն Քեսլերի դիմումը՝ հանրային անվտանգության նպատակներից ելնելով:

Իսկ այդ ընթացքում Վիրջինիայի համալսարանում շարունակվում են թեժ քննարկումները գեներալ Լիի արձանի շուրջ: Հնարավոր բարդություններից խուսափելու համար նախատեսվում է սահմանափակել մուտքը համալսարանի տարածք: Հիշեցնենք, որ անցած տարվա բողոքի ցույցերն առաջ եկան այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել հեռացնել գեներալ Լիի արձանը:

«Մենք ավելի լավ կպատրաստվենք այժմ, քանի որ նման բան Շարլոթսվիլում տեղի չէր ունեցել երբեևէ: Սա բնորոշ չէ նաև մեր երկրին: Մենք այժմ շատ ենք, իսկ ծայրահեղականները՝ քիչ, քանի որ նրանց մեծ մասը ազատազրկված է, կամ փախուստի մեջ է»,- ասում է Շարլոթսվիլի քաղաքային խորհրդի նախկին անդամ Բոբ Ֆենվիկը:

Սակայն ծայրահեղականներն էլ ունեն իրենց ծրագրերը: Ջեյսոն Քեսլերը, ով կազմակերպել էր ծայրահեղականների անցած տարվա ցույցը, այժմ ստացել է իրավունք Շարլոթսվիլի տարելիցը նշել մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան առջև: Այստեղ մոտ օրերին տեղի կունենա ծայրահեղականների հանրահավաքը:


Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները