Մինչեւ 2050 թվականը Ջակարտան կարող է ջրի տակ անցնել

09:06   14 Օգոստոս 2018    232

Եթե քայլեր չձեռնարկվեն, մինչեւ 2050 թվականը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի ամբողջական շրջանները ջրի տակ կանցնեն, կարծում են հետազոտողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջակարտան կառուցված է ճահճային հողի վրա, քաղաքի կողքին Ճավայի ծովն է, մայրաքաղաքով անցնում է 13 գետ: Զարմանալի չէ, որ Ջակարտայում հաճախ տեղի են ունենում ջրհեղեղներ:

Իրավիճակը տարեցտարի վատանում է: Քաղաքը փաստացի վերանում է երկրի երեսից: «2050-ին Ջակարտայի հյուսիսային մասի 95 տոկոսը ջրի տակ կհայտնվի», -պնդում է Բանդունգի տեխնոլոգիական ինստիտուտից Հերի Անդրեասը:

Քաղաքի համարյա կեսն այժմ ծովի մակարդակից ներքեւ է գտնվում: Արեւմտյան Ջակարտայում գետինը տարեկան 13 սմ իջնում է, քաղաքի արեւելյան հատվածում՝ 10 սմ:

Քաղաքի «խորտակումը» մասամբ բացատրվում է ստորերկրյա ջրերի դուրս մղմամբ, որն օգտագործվում է խմելու համար եւ կենցաղում: Շրջանների մեծ մասում խողովակային ջուրը կամ հասանելի չէ կամ օգտագործման համար շատ հարմար չէ: Այդ պատճառով մարդիկ իրենց համար անցքեր են հորատում:

Ինդոնեզիայի իշխանությունները ակնկալում են, որ Ջակարտայի շուրջ 17 արհեստական կղզիներով կառուցվող 32 կիլոմետրանոց արտաքին ծովային պատը կօգնի քաղաքը ջրհեղեղից փրկել: Նախագիծն արժե 40 միլիարդ դոլար եւ իրականացվում է Նիդերլանդների եւ Հարավային Կորեայի կառավարությունների աջակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները