«Առևտրային պատերազմի» զոհերը կարող են միավորվել. The Telegraph

10:46   16 Օգոստոս 2018    263

Կարո՞ղ են արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմի» զոհերը միավորվել ընդդեմ նրա։

Նման հարց է հղում Ճգնաժամային իրավիճակների հետազոտման Օքսֆորդի ինստիտուտի տնօրեն Մարկ Ալմոնդը, որի հոդվածը ներկայացվել է The Telegraph պարբերականում:

«Իրանը, Թուրքիան, Ռուսաստանն ու նույնիսկ Չինաստանն առանձին-առանձին խոցելի են Ամերիկայի ճնշման առաջ, սակայն եթե այս երկրները մերձենան, արդյունքում կառաջանա փոխադարձ աջակցություն, ու ամերիկյան պատժամիջոցներին հակազդելն արդյունք կտա: Եթե դիտարկենք միայն Իրանի ու Թուրքիայի միավորումը, ապա այն այդքան էլ կայուն չի լինի, բայց այդ դաշինքին Ռուսաստանին ու Չինաստանին ավելացնելու դեպքում ի հայտ կգա աշխարհաքաղաքական նոր առանցք»,-գրում է հեղինակը:

Ալմոնդը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումից հետո Էրդողանն աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության բացահայտ ակնարկ է արել՝ հայտարարելով, որ «Թուրքիան կգտնի նոր ընկերներ»:

Հեղինակի կարծիքով՝ տվյալ հավանական դաշինքում Թուրքիան կունենա առանցքային նշանակություն:

«Պատճառը նախևառաջ դրա աշխարհագրական դիրքն է. երկիրը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի հետ սահմանների մոտ: Հենց աշխարհագրական դիրքն է այն լուրջ պատճառներից մեկը, որի համար Վաշինգտոնը միշտ էլ ցանկացել է Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում: Ուստի՝ Ռուսաստանի համար շահեկան է, որ Թրամփը միաժամանակ պատժամիջոցներ սահմանի և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի նկատմամբ»,-շարունակում է հոդվածագիրը:

Ալմոնդը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիային իր աջակցությունն է հայտնել Պակիստանը, որը լուրջ կախում ունի Չինաստանի ներդրումներից: Բացի այդ, Ռուսաստանը Պակիստանին առաջարկել է հրաժարվել ամերիկյան ռազմական օգնությունից՝ փոխարենը ստանալով ռուսական կողմի օգնությունը:

«Արդյունքում՝ Թուրքիային, Իրանին ու Չինաստանին կապող շախմատային խաղատախտակին կարող է հայտնվել ևս մեկ ֆիգուր: Բացի այդ, ստեղծված իրավիճակը հնարավորություն կտա հստակություն մտցնել միջազգային հարաբերություններում՝ երկրներին ստիպելով ընտրել, թե ով ում հետ է»,-գրում է հեղինակը:

Հոդվածի վերջում Ալմոնդը նկատում է, որ Թրամփը, միանգամից մի քանի երկրի «առևտրային պատերազմ» հայտարարելով, մոռացել է մեծն Աբրահամ Լինքոլնի խելացի խորհրդի մասին, որն է՝ պատերազմները պետք է մեկ-մեկ վարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները