Ջենովայում ընտանիքների կեսը հրաժարվել է պետական հուղարկավորումից

17:13   17 Օգոստոս 2018    202

Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել է իրենց ազգականների պետական հուղարկավորումից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է la Stampa թերթը:

Օգոստոսի 18-ին Իտալիայում ազգային սուգ է հայտարարված:

Հուղարկավորությունների պետական արարողությունը՝ երկրի նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ, Ջենովայում տեղի կունենա նույնպես օգոստոսի 18-ին: Ներկայում իրենց որոշման մասին հայտարարել են 38 զոհվածներից 17-ի ազգականները, ողբերգության եւս 7 զոհերի ընտանիքներ դեռեւս չեն կողմնորոշվել:

«Իմ որդին թիվ չի դառնա մահերի ցուցակում… Ես կհասնեմ արդարության նրա ու մյուսների համար… Մենք ցանկանում ենք ոչ թե ֆարսային հուղարկավորություն, այլ տնային արարողություն մեր եկեղեցում: Այսօրվանից պատերազմ է սկսվում ճշմարտության եւ արդարության համար, նման բան չպետք է կրկնվի»,- Facebook-ում գրել է զոհվածներից մեկի հայրը: Նրա որդին երեք ընկերների հետ հողին է հանձնվելու օգոստոսի 17-ին:

Իր հերթին զոհվածներից մեկի մայրն այն կարծիքին է, որ միջադեպը տեղի է ունեցել պետության մեղքով: «Քաղաքական գործիչներն աչքներիս չերեւալու փոխարեն անամոթաբար իրենց են ցուցադրում»,- հայտարարել է նա:

Ջենովայի մերձակա կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց էր մտահոգում մասնագետներին:

Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ է դարձել 38 մարդ, այդ թվում՝ չորս ֆրանսիացի եւ երկու ալբանացի: Եվս 15 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից տասի վիճակը գնահատվում է ծանր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները