Ֆլորիդայի հրաձիգին դատապարտել են հինգ ցմահ ժամկետի եւ 120 տարվա բանտարկության

14:08   18 Օգոստոս 2018    245

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը 2017 թվականին օդանավակայանում հրաձգություն իրագործած Էստեբան Սանտյագոյին, որի ժամանակ զոհվել էր 5 մարդ, դատապարտել է 5 ցմահ ժամկետի եւ 120 տարվա ազատազրկման, հայտնում է Sun-Sentinel-ը:

Դատավճիռը հրապարակելիս դատավոր Բեթ Բլումը հայտարարել է, որ օդանավակայանում նրա գործողությունները կարելի է հավասարեցնել «չարիքի 85 վայրկյանին», հրաձգությունը սկսելուց հետո այդքան ժամանակ անց էին հարձակվողին կալանավորել: «Այս դատարանի համար շատ դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, ձեր գործողություններում չարիքը առանձնացնել մարդու մեջ ապրող չարիքից»,- ասել է դատավորը՝ դիմելով Սանտյագոյին:

2017 թվականի հունվարի 6-ին Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանի ուղեբեռների հանձնման կանգնակում լատինաամերիկացի Էստեբան Սանտյագոն հրաձգություն էր սկսել մարդկանց վրա: Արդյունքում զոհվել էր 5 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել: Ոստիկանները ձերբակալել էին Սանտյագոյին: Ավելի ուշ պարզվել էր, որ նա Իրաքում պատերազմի վետերան է, նախկինում արդեն հայտնվել էր հատուկ ծառայությունների տեսադաշտում եւ հոգեկան բնույթի խնդիրներով բուժման էր ուղարկվել:

Մեղադրող կողմի հետ գործարքի արդյունքում նա իրեն մեղավոր էր ճանաչել եւ այդպիսով մահապատժից խուսափել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները